Մշակութային աստղագիտությունն աստղագիտական երևույթների արտացոլումն է ժողովուրդների մշակույթի զանազան ոլորտներում: Միջազգային գրականության մեջ այս բնագավառն անվանում են նաև «Աստղագիտությունը մշակույթում» կամ «Աստղագիտություն և մշակույթ»: Այն դրսևորվում է կրոնի, դիցաբանության, բանահյուսության, պոեզիայի, գեղարվեստի, լեզվաբանության և այլ ոլորտներում: Վերջին տարիներին աշխարհում լուրջ ուշադրություն է դարձվում այս բնագավառին. մասնավորապես ստեղծվել են միջազգային կազմակերպություններ, անցկացվում են գիտաժողովներ, տպագրվում են ամսագրեր: Հայաստանը նույնպես հարուստ է մշակութային աստղագիտությամբ: Գիտաժողովը նվիրված է Հայաստանի հնագույն աստղագիտությանը և մշակութային աստղագիտությանը` ներառելով աստղագիտական գիտելիքների, օրացույցների, ժայռապատկերների, դիցաբանության և այլ ոլորտների հետ կապված շատ ստեղծագործություններ: Մյուս կողմից, այս թեման բավականին թույլ է զարգացած Հայաստանում. կան միայն առանձին ուսումնասիրություններ հարակից թեմաների շուրջ (հատկապես շատ ուսումնասիրություններ կապված են Անանիա Շիրակացու հետ), բայց չկան այս կարևոր ոլորտը կառավարելուն ուղղված համակարգված գործողություններ:

Մշակույթի մեջ տիեզերական գիտելիքների կամ աստղագիտության արտացոլումն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ առանձնացվել է որպես գիտության ինքնուրույն բնագավառ: Երկնային երևույթները միշտ էլ խորհրդավոր իմաստ են կրել. շատ դեպքերում դրանք վերագրվել են վերին ուժերին: Մյուս կողմից բոլոր ժողովուրդների պատմության մեջ և մշակույթում կարևոր դեր են խաղացել օրացույցները, որոնք ամբողջովին հիմնված են աստղագիտական գիտելիքներ վրա և հետևաբար մշակութային աստղագիտության մաս են կազմում:

Գիտաժողովի նպատակն է հումանիտար ոլորտի երիտասարդ մասնագետների ժամանակակից գիտելիքների ներկայացման և համատեղ քննարկումների միջոցով մշակել Հայաստանում միջճյուղային գիտությունների, մասնավորապես մշակութային աստղագիտության հիմնահարցերը և հիմք նախապատրաստել հետագա հնարավոր համագործակցությունների համար: