Գիտաժողովը նվիրված է Հայկական աստղագիտական ընկերության 25-ամյակին, որտեղ հիմնական թեման է՝ «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ»։

Միջճյուղային և բազմաճյուղային գիտությունները ներկայումս գիտության զարգացման հիմնական միտումն են։ Այստեղ առավել կարևոր դեր է խաղում աստղագիտությունը, որը կարելի է համարել միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների (առավելապես բնական գիտությունների) առաջատար։ Զարգացել և զարգանում են աստղաֆիզիկան, աստղաքիմիան, աստղակենսաբանությունը, աստղաբժշկությունը, աստղաերկրաբանությունը (մոլորակագիտությունը), աստղաինֆորմատիկան, պատմաստղագիտությունը և աստղագիտության հետ կապված այլ միջճյուղային գիտություններ։ Աստղագիտությունը կարևորագույն դեր է խաղում տիեզերական հետազոտությունների, արտերկրային քաղաքակրթությունների, արհեստական բանականության, գլոբալ տաքացման և այլ բազմաճյուղային գիտությունների զարգացման գործում։

2014թ․-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) անցկացվեց «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» միջճյուղային գիտաժողով։ Նյութերի ժողովածուն տպագրվել է ՀՀ ԳԱԱ հրատարակչության կողմից՝ առանձին գրքով։ 2021թ․-ին նույնպես ԲԱ-ում անցկացվեց «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների խաչմերուկներում» միջազգային գիտաժողովը (նյութերի ժողովածուն տպագրվել է «ԲԱ հաղորդումներ» ամսագրում): Սկսած 2000-ականների սկզբից ԲԱ-ում կազմակերպված մի շարք այլ գիտաժողովներում առկա են եղել միջճյուղային գիտությունների տարրերը։