հայ  eng


«Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը նվիրված է գիտության, մշակույթի և մարդկային գործունեության այլ ոլորտներում աստղագիտության դերին և Տիեզերքից ստացված գիտելիքների միջոցով նշված ոլորտների զարգացմանը: Ներկայիս դարաշրջանում աստղագիությունը թերևս այն գիտությունն է, որ առաջատար դեր է խաղում միջճյուղային գիտությունների առաջացման և զարգացման գործում: Արդեն վաղուց զարգացման բարձր մակարդակի է հասել աստղաֆիզիկան, վերջին տարիներին ստեղծվել են այնպիսի նոր գիտական ուղղություններ, ինչպիսիք են աստղաքիմիան, աստղակենսաբանությունը, աստղաինֆորմատիկան, մշակույթում և ազգերի ժառանգության մեջ կարևոր դեր են խաղում հնագույն աստղագիտությունը, աստղագիտական գիտելիքների հիման վրա ստեղծված տոմարները և օրացույցները, աստղագիտական լեզվաբանությունը և այլն: Աստղագիտությունը նաև կարևոր դեր է խաղում գիտական տուրիզմի և գիտական լրագրության զարգացման համար:

Գիտաժողովի նպատակն է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց կողմից զանազան ոլորտներում առկա ժամանակակից գիտելիքների ներկայացման և համատեղ քննարկումների միջոցով մշակել Հայաստանում միջճյուղային գիտությունների հիմնահարցերը և հիմք նախապատրաստել հետագա հնարավոր համագործակցությունների համար: