NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.01.2021


ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

 

Այսօր՝ հունվարի 21-ին, տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) կոլեկտիվի ընդհանուր ժողով, որի օրակարգում դրված էր աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ կազմում մնալու հարցը։ Ժողովին առցանց ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար Արսեն Հախումյանը։

Նման օրակարգի պատճառը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի նամակն էր ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին, որում նա առաջարկում է աստղադիտարանը հանել ՀՀ ԳԱԱ կազմից՝ տալով նրան հիմնադրամի կարգավիճակ։ Պայմանավորված այդ նամակով՝ ՀՀ ԳԱԱ նախագահությունը դիմել էր ԲԱ աշխատակիցներին վերջիններիս կարծիքն իմանալու համար։ Հիշեցնենք, որ նույնանման նամակով Հ․ Հովհաննիսյանն ավելի վաղ դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և աստղադիտարանի կոլեկտիվն իր հստակ դիրքորոշումն էր հայտնել մնալ ՀՀ ԳԱԱ կազմում։

Ժողովի ժամանակ ներկայացվեց վերոնշյալ նամակը, ինչից հետո ԲԱ տնօրեն Ա․ Միքայելյանը անդրադարձ կատարեց ԲԱ գործունեությանը, արդյունավետությանը, նվաճումներին և խնդիրներին։ Այնուհետև ելույթ ունեցան ԲԱ 10-ից ավելի գիտաշխատողներ, ովքեր իրենց մտահոգությունը հայտնեցին ստեղծված իրավիճակի մասին՝ համոզմունք հայտնելով, որ նման անհիմն նամակներն ուղղված են գիտության քայքայմանն ու արժեզրկմանը, Ազգային արժեքի կարգավիճակ ունեցող ԲԱ թուլացմանը։ Ժողովի ընթացքում հնչեցին տարբեր առաջարկներ, ԲԱ գիտաշխատողները և մյուս աշխատակիցները հույս հայտնեցին, որ այս հարցը չի դառնա շահարկումների առարկա և կարժանանա համապատասխան գնահատականի։

Ժողովի վերջում անցկացվեց քվեարկություն, որի արդյունքում պարզ դարձավ, որ բոլորը միաձայն նպատակահարմար են համարում Բյուրականի աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ կազմում մնալը։

Բյուրականի աստղադիտարանն անկախ ներկա իրավիճակից շարունակելու է աշխատել իր բնականոն հունով՝ հանուն գիտության և ի շահ Հայաստանի։

Մելինե Ասրյան




Հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
Հեռ․՝ (+374-91) 195901
Էլ․ հասցե՝ observ@bao.sci.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017-2020, Բյուրականի աստղադիտարան