NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 31.01.2021


ՓԱՐԻԶ ՓԻՇՄԻՇԻ` ՄԱՐԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԸ

Այսօր աստղագիտական հանրությունը նշում է սփյուռքահայ անվանի գիտնական, Մեքսիկայի ազգային աստղադիտարանի պատվավոր աստղագետ, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փարիզ (Պարիս) Փիշմիշի (իսկական անունը՝ Մարի Սուքիասյան) ծննդյան 110-ամյակը: Փարիզ Փիշմիշն առանձնանում է սփյուռքահայ անվանի գիտնականների մեջ։ Նա առաջին կին աստղագետներից էր, ով ոչ միայն հասավ գիտական մեծ հաջողությունների, այլև խթանեց կին աստղագետների հետագա ակտիվությունը և մեծ դեր խաղաց ամբողջ մեքսիկական աստղագիտության զարգացման մեջ:

Փարիզ Փիշմիշը ծնվել է 1911թ. հունվարի 31-ին Կ. Պոլսում (Ստամբուլ, Թուրքիա): Սովորել է տեղի Սեմերճյան ճեմարանում և ամերիկյան վարժարանում: Այնուհետև դառնալով Ստամբուլի համալսարան հաճախող առաջին կանանցից մեկը՝ 1933թ-ին ավարտել է այն փայլուն ցուցանիշներով: Դեռևս ուսանողական տարիքում աշխատակցել է Ստամբուլի համալսարանի աստղադիտարանում: 1935-36թթ. դասավանդել է Ստամբուլի Կեդրոնական Սանասարյան վարժարանում, ապա տեղափոխվել ԱՄՆ:

Այն տարիներին կանանց մուտքը գիտություն չէր խրախուսվում, և չափազանց դժվար էր տեղ գտնել պրոֆեսիոնալ աստղադիտարանում: Սկզբում Փիշմիշն աշխատում է որպես թարգմանիչ, այնուհետև որպես օգնական գիտակաշխատակից Էրվին Ֆինլի-Ֆրոյնդլիխի մոտ, ով հետագայում նրան օգնում է հաճախել Հարվարդի համալսարան: Փիշմիշն ընդունվում է Հարվարդի համալսարանի գիտությունների ֆակուլտետ, ավարտում այն և 1937թ. ստանում մաթեմատիկայի գծով գիտությունների դոկտորի աստիճան: Նրա ղեկավարներն էին պրոֆեսորներ Ռ. ֆոն Մայզիսը և Ֆինլի-Ֆրոյնդլիխը: 1939թ-ին նա դառնում Հարվարդի քոլեջի աստղադիտարանի (HCO) կրտսեր գիտակաշխատակից և այդ պաշտոնում մնում է մինչև 1942թ.: Այդ տարիները կարևոր դեր խաղացին Փիշմիշի` որպես պրոֆեսիոնալ աստղագետի ձևավորման գործում: Հարվարդի աստղադիտարանում նա այնպիսի աստղագետների շրջապատում էր, ինչպիսիք էին Հարլոու Շեփլին, Սեսիլիա Փեյն-Գապոշկինը, Բարթ Բոկը, Դոնալդ Մենզելը, Ֆրեդ Ուիփլը, ինչպես նաև բազմաթիվ այցելու աստղագետներ:

1942թ. Փիշմիշն ամուսնանում է մեքսիկացի ուսանող աստղագետ Ֆելիքս Ռեսիլասի հետ, ում հետ էլ մեկնում է Մեքսիկա և աշխատանքի անցնում մի քանի տարի առաջ հիմնադրված Պուեբլայի Տոնանցինտլայի աստղադիտարանում։ Այստեղ Փարիզն աշխատում է մինչև 1946թ.: 1948թ-ին Փիշմիշը տեղափոխվում է Մեխիկո., որտեղ նա աշխատանքի է անցնում Տակուբայայի ազգային աստղադիտարանում, որը Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի (UNAM) մի մասն էր կազմում: Նա 50 տարուց ավել աշխատում է UNAM-ում (ներկայումս այդ համալսարանի աստղադիտարանը հայտնի է որպես Աստղագիտության ինստիտուտ), որտեղ 1985թ. ստանում է Պատվավոր աստղագետի կոչում (Astronomo Emerita): 1986թ-ին Փիշմիշին շնորհվում է նաև Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (Honoris Causa):

Փարիզ Փիշմիշի գիտական աշխատությունները վերաբերում են Գալակտիկայի կինեմատիկային, միգամածությունների լուսաչափությանը և տեսագծային արագությունների որոշմանը: Նրա գլխավոր հետաքրքրությունը Գալակտիկայի կառուցվածքն էր: Նա կատարել է երիտասարդ աստղակույտերի լուսաչափական առաջին ուսումնասիրությունները և հայտնաբերել 3 գնդաձև և 20 բաց աստղակույտ: Ուսումնասիրել է միջաստղային կլանման ազդեցությունը աստղասփյուռներում դիտվող աստղերի բաշխման վրա: Հիմնվելով տարբեր աստղային բնակչությունների վրա` փորձել է բացատրել գալակտիկաների պարուրաձև կառուցվածքի ծագումն ու զարգացումը և գտնել դրանց պտտման կորերի տատանումների պատճառը:

Փարիզ Փիշմիշի կարևոր հատկանիշներից մեկը նոր աստղաֆիզիկական զարգացումների մեջ նրա շարունակական հետաքրքրությունն էր: Մեծ էր Փիշմիշի դերը աստղագիտական սարքերի ներմուծման և կիրառման գործում: Գալակտիկայի առաքման միգամածությունների արագությունների դաշտի ուսումնասիրության նպատակով 1972թ. Փիշմիշը Մեքսիկայում առաջին անգամ ներմուծեց Ֆաբրի-Պերո ինտերֆերաչափությունը:

Մեծ էր նաև Փիշմիշի մանկավարժական գործունեությունը և նրա դերը մեքսիկական աստղագիտության զարգացման մեջ: Նա օրինակ էր երիտասարդ կանանց համար: Արդյունքում ներկայումս այդ ինստիտուտի 80 աստղագետների բավական մեծ տոկոսը (25%) կանայք են:

Փիշմիշն աստղաֆիզիկայի տարբեր թեմաներով հրապարակել է ավելի քան 135 գիտական աշխատանք, այդ թվում հոդվածներ այնպիսի հեղինակավոր ամսագրերում, ինչպիսիք են Astronomical Journal, Astrophysical Journal, Astronomy and Astrophysics, Monthly Notices of the Royal Astronomical Society, Astrophysics and Space Science, Publications of the Astronomical Society of the Pacific, Astrophysics և այլն:

1998թ. Փիշմիշն իր հուշերը հրատարակել է «Հուշեր Փարիզ Փիշմիշի` կին աստղագետի կյանքից» գրքում:

Փիշմիշը մի շարք մասնագիտական կազմակերպությունների և ընկերությունների անդամ էր՝ Ամերիկյան աստղագիտական ընկերություն, Մեծ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերություն, Մեքսիկայի գիտությունների ակադեմիա, Մեքսիկական ֆիզիկական ընկերություն և Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ), որում նա թիվ 28, 33 և 34 հանձնաժողովների անդամ էր:

Փարիզ Փիշմիշը վախճանվել է 1999թ. օգոստոսի 1-ին։ Ներկայումս Մեքսիկայում` Աստղաֆիզիկայի, օպտիկայի և էլեկտրոնիկայի ազգային ինստիտուտում (INAOE, Պուեբլա), աշխատում է Փարիզ Փիշմիշի դուստրը` նույնպես աստղագետ Էլզա Ռեսիլաս-Փիշմիշը:

Մելինե Ասրյան




Հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
Հեռ․՝ (+374-91) 195901
Էլ․ հասցե՝ observ@bao.sci.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017-2020, Բյուրականի աստղադիտարան