NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.02.2021


ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԵՌԱԿԻ ՄԻԱՑՈՒՄ.
Մերկուրին, Յուպիտերը և Վեներան կհանդիպեն երկնքում

Վաղը՝ փետրվարի 13-ին՝ տյառնընդառաջի նախօրեին, երկնքում չափազանց տեսարժան երևույթ է դիտվելու՝ Մերկուրին, Յուպիտերը և Վեներան հանդիպելու են։ Այս մոլորակների նման միացում վերջին անգամ տեղի է ունեցել 2015թ-ին։

3 մոլորակի միացումները (եռակի միացումներ), ի տարբերություն երկու մոլորակի միացումների, հազվադեպ և հետևաբար ավելի հետաքրքրական երևույթներ են:

Իսկ ի՞նչ է մոլորակների միացումը։ Մոլորակների միացում կոչվում է երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը՝ որպես կանոն, մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի անկյունային տրամագիծն է կես աստիճան): Միացումներ են կոչվում նաև մոլորակների և Լուսնի իրար մոտ դիտվելու երևույթները: 4-7 մոլորակների դեպքում դիտվում է այսպես կոչված «մոլորակների շքերթ», ինչը շատ հազվագյուտ երևույթ է: Հակառակ դրան երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ՝ 1 աստիճանի սահմաններում, որպես կանոն, լինում են տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի):

Սակայն իրականում Լուսինը և մոլորակները տարածության մեջ շատ հեռու են միմյանցից․ երևացող «միացումը» Երկրից դիտելիս նրանց պրոյեկտված պատկերն է միայն։ Նույնիսկ մեզ ամենամոտ մոլորակները՝ Վեներան և Մարսը, պտտվելով իրենց ուղեծրերով, իրարից հեռու են լինում առնվազն 94 մլն կմ, իսկ հիմնականում՝ շատ ավելի։

Մելինե Ասրյան




Հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
Հեռ․՝ (+374-91) 195901
Էլ․ հասցե՝ observ@bao.sci.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017-2020, Բյուրականի աստղադիտարան