ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
ՀՀ Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի (1908-1996 թթ․) առանձնատունը կառուցվել է 1950 թ․-ին։ Այն Բյուրականի աստղադիտարանի տարածքում շահագործման հանձնված առաջին շենքն է։ Մեծանուն գիտնականն այդ պահից սկսած մինչև մահ իր ընտանիքի հետ ապրել և ստեղծագործել է այդ տանը
Այն որպես տուն-թանգարան բացվել է 1998թ՝ մեծանուն գիտնականի 90-ամյակի առթիվ։ Տուն-թանգարանում ներկայացված է Վիկտոր Համբարձումյանի կենսագրությունը, նրա ընտանիքի պատմությունը, աստղաֆիզիկոսի մասնագիտական ուղին և Հայաստանի գիտության զարգացման ոլորտում նրա ունեցած բացառիկ նշանակության մասին փաստավավերագրական հարուստ նյութեր, բազմաթիվ դիպլոմներ, գիտական աշխատանքներ, ձեռագրեր, պատվոգրեր ու պարգևներ: Թանգարանի առաջին հարկում տեղակայված է գիտնականի աշխատասենյակն ու անձնական՝ 3000-ից ավելի անուն-գրքից կազմված գրադարանը: Այստեղ կարելի է ծանոթանալ գիտնականի բազմաթիվ դիպլոմների, պատվոգրերի, անձնական լուսանկարների և նշանավոր մարդկանց թողած նվերների հետ: Երկրորդ հարկում գտնվում է ընտանիքի ննջարաները, Վիկտոր Համբարձումյանի դեմքի և ձեռքերի գիպսե կաղապարները, անձնական օգտագործման պարագաները: Թանգարանում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, գիտաժողովներ և Համբարձումյանական ընթերցումներ
Տուն-թանգարանը ուսուցողական ու ոգեշնչման յուրահատուկ միջավայր է, ամեն տարի ընդունում է հազարավոր այցելուներ, հիմնականում՝ դպրոցականներ, որոնց համար թանգարանի մուտքն անվճար է:
Այդ տանն է ապրել նաև ազգային հերոսի հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը, որը նույնպես հայտնի մարդ էր․ մասնավորապես նա եղել է Հոմերոսի ստեղծագործությունների հունարենից դեպի հայերեն առաջին թարգմանիչը։ Այդ գրքերը նույնպես ցուցադրվում են տուն-թանգարանում։
1998թ-ից տուն-թանգարանի վարիչներն են եղել աստղադիտարանի գիտաշխոտողներ Ռաֆիկ Վարդանյանը (1998-2000) և Գրիգոր Բրուտեանը (2000-2021)։ Ներկայումս տուն-թանգարանի աշխատակիցներն են Անուշ Սուքիասյանը և Փիրուզա Փիլիպոսյանը։
Մեծանուն գիտնականն իր մահկանացուն է կնքել հենց այս տանը, 1996թ․ օգոստոսի 12-ին։