NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 09.02.2019


ԼՐԱՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԱՍՏՂԱԳԵՏ ԵՐՎԱՆԴ ԹԵՐԶՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԸ

Փետրվարի 9-ին լրանում է ամերիկահայ անվանի աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ, Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) գիտական խորհրդի նախագահ, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի 80-ամյակը: Նա ժամանակի խոշորագույն գիտնականներից մեկն է, որը հայտնի է միջաստղային միջավայրի, մոլորակաձև միգամածությունների, գալակտիկաների, ռադիոաստղագիտության և այլ բնագավառներում իր հայտնագործություններով, ինչպես նաև հայ գիտության իր ցուցաբերած մեծ ծառայություններով:

Երվանդ Թերզյանը ծնվել է 1939թ. փետրվարի 9-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Հայրը հայ էր, իսկ մայրը` հույն. այսպիսով հույները Թերզյանին համարում են հույն մեծ գիտնական, ինչպես և հայերը` հայ մեծ գիտնական: Դպրոցն ավարտել է Ալեքսանդրիայում և սովորել Կահիրեյի Ամերիկյան համալսարանում: 1960թ. ստացել է նույն համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բակալավրի դիպլոմ: Այնուհետև, տեղափոխվելով ԱՄՆ, Ինդիանայի համալսարանում 1963թ. ստանում է աստղագիտության գծով մագիստրոսի, իսկ ավելի ուշ` 1965թ., գիտությունների դոկտորի աստիճան:

1965թ.-ից Թերզյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է Կոռնելի համալսարանի հետ (Իթաքա, Նյու-Յորք նահանգ): 1965-1967թթ. դառնում է ՊուերտոՌիկոյի Արեսիբոյի աստղադիտարանի գիտական աշխատակից, 1967-1972թթ.` աստղագիտության պրոֆեսորի օգնական, 1968-1974թթ.` նույն համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենի օգնական, 1972-1977թթ.` աստղագիտության դոցենտ և 1977թ. Կոռնելի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր:

1968թ. Թերզյանը նշանակվեց Կոռնելի համալսարանի աստղագիտության բաժանմունքի փոխտնօրեն, իսկ 1979թ.` տնօրեն և գլխավորեց այս մեծ բաժանմունքը (ԱՄՆ-ում խոշորագույններից և կարևորագույններից մեկը) 20 տարով: 1979-80թթ. և 1992-93թթ. եղել է Կոռնելի համալսարանի Արեսիբոյի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենիպաշտոնակատար: 1996թ.-ից Կոռնելի համալսարանի գիտության կրթության զարգացման Նյու-Յորքի նահանգի ՆԱՍԱ-ի (NASA) տիեզերական դրամաշնորհների ծրագրի տնօրենն է: 1999թ.-ից` Կոռնելի համալսարանի ֆիզիկայի գծով Դեյվիդ Դունկանի անվանական պրոֆեսոր է:

2002թ. Թերզյանն ընտրվեց Քառակուսի կիլոմետրանոց համալիր (SKA) հսկա ռադիոդիտակի կառուցման Միացյալ Նահանգների համալսարանների և ինստիտուտների միավորման նախագահ: 2001թ.-ից նա Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) Գիտական խորհրդի նախագահն է:

Պրոֆեսոր Թերզյանի գիտական բնագավառները բազմաթիվ են. մոլորակաձև միգամածություններից և բաբախիչներից (պուլսարներ) մինչև գալակտիկաների զույգեր ու քվազարներ: Նրա ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են ռադիոալիքներում, այնուհանդերձ, շատ հոդվածներ նվիրված են ենթակարմիր, օպտիկական և գերմանուշակագույն տիրույթներումհետազոտություններին: Նրա խոշորագույն ուսումնասիրությունների և կարևորագույն արդյունքների շարքում կարելի է նշել մոլորակաձև միգամածությունների ռադիո, ենթակարմիր և օպտիկական ուսումնասիրությունները, Գալակտիկայի էմիսիոն միգամածությունների և HII տիրույթների ռադիո դիտումները, չեզոք ջրածնի (HI) և մոլեկուլային ամպերի ուսումնասիրությունը, պարուրաձև նորմալ գալակտիկաների ռադիո ճառագայթման ուսումնասիրությունը, բաբախիչների ռադիո դիտումները և ուսումնասիրությունը, գիսավորաձև միգամածությունների ռադիոճառագայթման գրանցումը, մոլորակաձև միգամածություններ երկբաղադրիչ արագությունների համակարգի մոդելի առաջադրումը, OH/IR (մազերային և ենթակարմիր) աստղերի որոնումները և ուսումնասիրությունը, մոլորակաձև միգամածություններում արագ ցածր իոնացման առաքման տիրույթների (FLIER) և այլ միկրոկառուցվածքների հայտնաբերումը և ուսումնասիրությունը, գնդաձև աստղակույտերի ռադիո դիտումները, Մարգարյանի որոշ գալակտիկաների ռադիո ճառագայթման գրանցումը, գալակտիկաների զույգերի դինամիկական ուսումնասիրությունը, կրկնակի և բազմակիմիջուկներով Մարգարյանի գալակտիկաների ձևաբանությունը և կինեմատիկան, գալակտիկական միջուկների դիտումները գերերկար հիմքով ինտերֆերոմետրիայով (VLBI), Կույսի կույտիգալակտիկաների անընդհատ ռադիոճառագայթման գրանցումը, Գալակտիկայի Գերնորերի մնացորդների օպտիկական ատլասի և մոլորակաձև միգամածությունների [NII] և [OIII] պատկերների ևսպեկտրների ատլասի հրապարակումը:

Թերզյանը 232 գիտական հրապարակումների հեղինակ է և 6 գրքերի խմբագիր: Այդ թվում գիտական հոդվածներ է տպագրել Nature ամսագրում, որտեղ տեղ են գտնում միայն ականավոր արդյունքները: Պրոֆ. Թերզյանը եղել է Astrophysical Journal-ի` աշխարհի աստղագիտական առաջատար հանդեսներից մեկի խմբագրի տեղակալը և գիտական խմբագիրը (1989-1999): 1982-1992թթ. եղել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի հանրագիտարանի խմբագրական-խորհրդատվական կոլեգիայի անդամ: 2000թ.-ից Թերզյանը նաև Աստղաֆիզիկա հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է: Պրոֆ. Թերզյանը մի շարք պրոֆեսիոնալ ընկերությունների և կազմակերպությունների անդամ է. Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ; IAU, 1967), Միջազգային ռադիոգիտականմիություն, Ամերիկյան աստղագիտական ընկերություն (AAS), Հայկական աստղագիտական ընկերություն (ArAS, 2001), Հունական աստղագիտական ընկերություն (HelAS), Սիգմա Խի, Ամերիկյան գիտության առաջադիմության ասոցիացիա (2001) և այլն: 1990թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) արտասահմանյան անդամ, իսկ 2002-ին`Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ: 2010 թվականից Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի անդամ է: Մեծ է Թերզյանի կազմակերպական գործունեությունը. նա եղել է ՄԱՄ աշխատանքային խմբերի, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի, Նյու Յորքի աստղագիտական ընկերության, NASA-ի, ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամի (NSF) և այլ կազմակերպությունների բազմաթիվ կոմիտեների և հանձնաժողովների, ինչպես նաև մի շարք միջազգային (ներառյալ ՄԱՄ-ի) գիտաժողովների և խորհրդակցությունների գիտական կազմկոմիտեների նախագահ, փոխնախագահ կամ անդամ: Նա եղել է ՄԱՄ-ի «Մոլորակաձև միգամածություններ» (1985-1994թթ.) և «Աստղագիտությունը Լուսնից» (1993-1999թթ.) աշխատանքային խմբերի նախագահը:

Իր գիտական նվաճումների և մանկավարժական վաստակի համար պրոֆ. Թերզյանը պարգևատրվել է բազմաթիվ տիտղոսներով, աստիճաններով, պարգևներով, մեդալներով և կոչումներով, որոնցից են. Ինդիանայի համալսարանի (ԱՄՆ, 1989), Երևանի պետական համալսարանի (Հայաստան, 1994), Թեսալոնիկիի համալսարանի (Հունաստան, 1997) և Յունիոն քոլեջի (ՆյուՅորքի նահանգ, ԱՄՆ, 1999) պատվավոր դոկտորի գիտական աստիճանները, մի շարք պարգևներ, մեդալներ, այդ թվում` ՀՀ Կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալը (2008) և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան մեդալը (2008):

Սոնա Ֆարմանյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան