NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 02.12.2019


ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՖԻԶԻԿՈՍ ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, կյանքից հեռացել է ժամանակակից հայ խոշորագույն ֆիզիկոսներից մեկը՝ Դավիթ Սեդրակյանը (1938 - 2019)։

Դավիթ Սեդրակյանի հետազոտությունների հիմնական թեման է եղել տեսական աստղաֆիզիկան, և հենց այդ բնագավառում էլ ստացվել են կարևորագույն արդյունքները:

Դավիթ Մհերի Սեդրակյանը ծնվել է 1938թ. դեկտեմբերի 9-ին Երևանում։ 1961թ-ին նա ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), 1964թ-ին պաշտպանել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուական թեզը` լիցքավորված կետային մասնիկի դիֆրակցիոն ճառագայթման թեմայով: 1964-1977թթ-ին աշխատել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում, 1972թ-ին արժանացել է ֆիզ-մաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի, 1975թ-ին` տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսորի կոչման, 1977-1986թթ-ին և 1994թ-ից եղել է ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչը: Ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1982) և ակադեմիկոս (1990): 1985-1990թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, 1990-1994թթ-ին` փոխնախագահ: Եղել է նաև ՀՀ ԳԱԱ Տեսական ֆիզիկայի և աստղաֆիզիկայի խորհրդի նախագահը, մի շարք գիտական խորհուրդների, այդ թվում` Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) գիտխորհրդի և ԲԱ կից մասնագիտական խորհրդի անդամ: 2000թ-ից մինչ օրս հանդիսացել է Հայաստանի հիմնական աստղագիտական ամսագրի` «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիրը:

Այս աշխատանքների արդյունքում Սեդրակյանը հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված, այդ թվում` ֆիզիկայի և աստղաֆիզիկայի միջազգային կարևորագույն ամսագրերում: Երկար տարիների ընթացքում Սեդրակյանն ակտիվորեն համագործակցել է ԱՄՆ, Ֆրանսիայի և արտասահմանյան այլ գիտնականների հետ և հրավիրված սեմինարներով, գիտական հետազոտությունների, գիտաժողովների մասնակցության և գիտական քննարկումների նպատակով այցելել է մի շարք միջազգային գիտական կենտրոններ:

Դավիթ Սեդրակյանը Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր է (1970), արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի (1999), ինչպես նաև մի շարք այլ գիտական շնորհների` CRDF, ANSEF և այլն: Նա ղեկավարել է բազմաթիվ հայտնի ֆիզիկոսների, որոնք ներկայումս հաջողությամբ աշխատում են ԵՊՀ-ում և այլուր: Եղել է Միջազգային աստղագիտական միության, Հայաստանի ֆիզիկոսների ընկերության և Հայկական աստղագիտական ընկերության (2009), մի շարք այլ գիտական կազմակերպությունների անդամ:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան