NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 19.06.2020


ԱՐԵԳԱԿԻ ՕՂԱԿԱՁԵՎ ԽԱՎԱՐՈՒՄ՝ ՀՈՒՆԻՍԻ 21

Հունիսի 21-ին տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը: Ի տարբերություն լրիվ խավարման՝ օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Այս «հրե օղակը» տեսանելի կլինի Ասիայից և Աֆրիկայից։

Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ կամ դրա մի մասը միայն: Օղակաձև խավարման ժամանակ Լուսինը, գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում և Երկրից դիտողի համար ունենալով ավելի փոքր սկավառակ, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ) և խավարման առավելագույն փուլում ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը` առաջացնելով «հրե օղակ»:

Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 04:45:58-ին, 06:40:04-ին հասնելով առավելագույն փուլին և կավարտվի 09:34:01-ին։ Լավագույն տեսանելիությունը կլինի Հնդկաստանի հյուսիսից և Չինաստանի հարավ-արևմուտքից, որտեղ այդ ժամանակ արդեն կեսօր կլինի։ Հայաստանից կդիտվի մասնակի խավարում՝ շուրջ 30%։ Այն կսկսվի Երևանի ժամանակով 08։55։33-ին, առավելագույն փուլին կհասնի 09։45։43-ին և կավարտվի 10։51։59-ին։ Լուսինն Արեգակի սկավառակը մասամբ կծածկի վերին աջ կողմից և աստիճանաբար կիջնի դեպի ներքև։

Նշենք, որ այս օղակաձև խավարումը համընկում է ամառային արևադարձի հետ։ Այդ օրը սկսվում է աստղագիտական ամառը։

Մելինե Ասրյան