Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 10.07.2020


ԶԱՏԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ՝ 90

Այսօր հայ նշանավոր աստղաֆիզիկոս Զատիկ Մուրադյանը կտոներ իր 90-ամյակը (1930թ․ հուլիսի 10 - 2020թ․ հունվարի 22)։

Լինելով 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ և համահեղինակ՝ Զատիկ Մուրադյանը շատ հայտնի էր աշխարհի տեսաբան-աստղագետների և Արեգակի ֆիզիկայով զբաղվող մասնագետների շրջանում:

Մուրադյանի աշխատանքները նվիրված են Արեգակի ֆիզիկային, մասնավորապես` գունոլորտից արևապսակ նյութի արտահոսքին (արեգակնային քամի), տաքանալիս հրվիժակների անհետացմանը, մագնիսական հոսքեր առաջացնող պինդ մարմնի պտույտ ունեցող տիրույթներին:

Մուրադյանը թողել է կարևորագույն գիտական ժառանգություն։ Բազմաթիվ գիտական արդյունքների շարքում հարկ է նշել նրա բացահայտած օպտիկապես խիտ սպեկտրալ գծերի «Մուրադյանի էֆեկտը», որը թույլ է տալիս շառավղային արագությունների միջոցով բացահայտել Արեգակի վերին շերտում ընթացող երևույթները, Արեգակի ակտիվ տիրույթի մագնիսական դաշտի էվոլյուցիայի առաջին դիտումը արեգակնային բռնկումից առաջ, բռնկման ընթացքում և բռնկումից հետո, Արեգակի գունոլորտից դեպի արևապսակ սպիկուլների միջոցով նյութի տեղափոխման` արեգակնային քամու հիմնական պատճառի հայտնաբերումը, Արեգակի ծայրահեղ եզրի (լիմբի) մթնեցման չափումը, տաքացման հետևանքով արեգակնային հրվիժակների ջերմային անհետացման հայտաբերումը, Պիկ դյու Միդի աստղադիտարանի (Պիրենեյան լեռներ, Ֆրանսիա) համար մինչ օրս աշխատող 8մ արեգակնային սպեկտրոգրաֆի նախագծումը և կառուցման ղեկավարումը, «Արեգակնային ակտիվության սինոպտիկ քարտեզների» թվային գրանցման, վերլուծության, գծագրման և հրատարակման համակարգչային ծրագրի սկզբունքի մշակումը և ղեկավարումը (աշխարհում գոյություն ունեցող համակարգչային կառավարմամբ միակ սինոպտիկ քարտեզները), արեգակնային ակտիվության պտտման արագության չափի նոր մեթոդի առաջարկումը, որը բացահայտում է արեգակնային ակտիվության նոր պարամետրեր:

Զ․ Մուրադյանը եղել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, 1970), Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ), Աստղագիտության մասնագետների ֆրանսիական ընկերության, Ռումինիայի գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 2008թ.-ից նաև որպես Հայաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ և 2009-ից Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) անդամ։

Մելինե Ասրյան



Address: 0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia
Tel: (+374-91) 195901
Email: observ@bao.sci.am

Copyright © 2017-2019, Byurakan Astrophysical Observatory