NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 18.09.2020


ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ 112-ԱՄՅԱԿԸ ԵՎ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այսօր Բյուրականի աստղադիտարանում տոնական օր է։ Մենք նշում ենք հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան 112-ամյակը և աստղագիտության օրը Հայաստանում։ Նշենք, որ Վ. Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում որպես աստղագիտության օր է նշվում 2009թ-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն։

Այս կապակցությամբ վաղ առավոտյան ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներն այցելեցին Համբարձումյանի շիրիմ հարգանքի տուրք մատուցելու համար։ Իսկ երեկոյան աստղադիտարանը դռները կբացի հանրության առաջ։ Ժամը 19։00-20։00-ը ԲԱ տնօրեն Ա. Միքայելյանը կանցկացնի հանրամատչելի, բացօթյա դասախոսություն «Վ. Համբարձումյանը և Բյուրականի աստղադիտարանը» թեմայով, իսկ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանը կգործի անվճար և բաց կլինի մինչև 21։00։

Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) XX դարի խոշորագույն գիտնականներից մեկն է: Մեծ է նրա ներդրումն աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության ամենատարբեր ոլորտներում:

Նա ավելի քան 700 հոդվածների և 20-ից ավելի գրքերի հեղինակ է: Առավել հայտնի է տարրական մասնիկների ֆիզիկայի, մոլորակային միգամածությունների տեսության, աստղային դինամիկայի, Գալակտիկայի տարիքի որոշման, ճառագայթման տեղափոխման տեսության, աստղասփյուռների, ակտիվ գալակտիկական միջուկների, գերխիտ աստղերի, բռնկվող և այլ անկայուն աստղերի վերաբերյալ կատարած աշխատանքներով և հայտնագործություններով:

Մելինե Ասրյան