NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 06.10.2020


ԲՅՈՒՐԱԿԱՆ – ԱՐՑԱԽ

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Արցախի Հանրապետության միջև կապը վերջին մի քանի տարիների ընթացքում գնալով ավելի է ամրանում։

Ժամանակ առ ժամանակ ԲԱ գիտնականներն այցելում են Արցախ և հանդես գալիս բազմաթիվ դասախոսություններով Արցախի պետական համալասարանում և Ստեփանակերտի ու Շուշիի դպրոցներում, քննարկվում են համագործակցության տարբեր հարցեր, այցերի ժամանակ աշակերտներին տրամադրվում է մասնագիտական գրականություն։

Դեռևս 2006 թվականին ԲԱ-ն Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանում (ԱՊՀ), տեղադրել է Նյուտոնի համակարգի 30սմ հայելու տրամագծով աստղադիտակ, որը, ԱՊՀ-ում վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, տեղափոխվել է Հ․ Թումանյանի անվան թիվ 190 ավագ դպրոց, որտեղ ձեղնահարկում կառուցվել էր համապատասխան հարթակ և գմբեթ։ Նշենք, այդ աստղադիտակը դեռ միակն է Արցախում։

Այս տարի՝ մարտ ամսին, Ստեփանակերտում ԲԱ և ԱՀ ԿԳՍՆ կնքվել է համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ նախատեսվում է իրականացնել աստղագիտության և աստղաֆիզիկայի ոլորտում համատեղ կրթական, գիտական և հանրային ծրագրեր, նպաստել Արցախի ուսանողների առաջադիմությանը և մասնագիտական աճին, կազմակերպել համատեղ գիտաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, երիտասարդական դպրոցներ և այլ միջոցառումներ, ապահովել ԲԱ կողմից Արցախում տեղադրված աստղադիտակի աշխատանքը և մասնագիտական խորհրդատվությունը, Արցախի դպրոցներում և բուհերում կազմակերպել աստղագիտական դասախոսություններ ԲԱ պրոֆեսիոնալ աստղագետների կողմից, կազմակերպել Արցախի դպրոցականների ամենամյա եռօրյա այցելություն Բյուրական՝ Վիկտոր Համբարձումյանի և ԲԱ նվաճումներին ծանոթանալու նպատակով, հնարավորության դեպքում Արցախի ավագ դպրոցներում կազմակերպել աստղագիտական խմբակներ։

ԲԱ տնօրենն անձամբ մի քանի անգամ այցելել է Արցախի սահմանամերձ զորամասեր, դիրքերում զրույցներ ունեցել սահմանապահների հետ, դասախոսություն կարդացել զորամասի զինվորական անձնակազմի համար, աստղադիտարանի կողմից օգնություն տարել զինվորներին։ Հանդիպումներ են եղել Արցախի հերոս հրամանատար Կարեն Ջալավյանի, ԱՀ ԿԳՍ նախկին նախարար Նարինե Աղաբալյանի, ԱՀ ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի և այլ հասարակական-քաղաքական գործիչների հետ։

Հերթական այցն Արցախ նախատեսվում էր իրականացնել հոկտեմբեր ամսին, որը, սակայն, պատերազմական դրությունից ելնելով, մի փոքր հետաձգվել է։

Մելինե Ասրյան