NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.12.2020


ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐԵՎԱԴԱՐՁ

Դեկտեմբերի 21-ը ձմեռային արևադարձի օրն է, որն այս տարի կլինի Գրինվիչի ժամանակով 10։03։

Այս օրը Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ ամենացածր կետով, ինչն էլ աստղագիտական ձմռան սկիզբն է համարվում: Այդ ժամանակ դիտվում են տարվա ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը, իսկ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր: Երկրի հասարակածի թեքվածությունը Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ 23°26' է:

Տարբերվում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Երկրի հյուսիսային կիսագնդում ձմեռային արևադարձը ներկայումս տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին, իսկ ամառայինը՝ հունիսի 21-ին: Ձմեռային արևադարձի ժամանակ, ինչպես նշվեց, դիտվում է ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը, իսկ ամառային արևադարձի ժամանակ՝ հակառակը՝ ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը: Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ձմռան և գարնան ընթացքում կեսօրին Արեգակը հորիզոնից ավելի ու ավելի է բարձրանում (գիշերվա տևողութունը սկսում է նվազել, իսկ ցերեկվանը՝ աճել) և ամառային արևադարձի ժամանակ, գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում, կարծես կանգ է առնում և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (գիշերվա տևողութունը սկսում է աճել, իսկ ցերեկվանը՝ նվազել) մինչև ձմեռային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում: Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին: Այնպես որ, հարավային կիսագնդի բնակիչների համար ներկայումս ամենաերկար ցերեկներն ու ամենակարճ գիշերներն են։

Մելինե Ասրյան