NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 30.03.2019


ՌՈՒԲԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ՝ 70

Օրերս լրացավ Բյուրականի աստղադիտարանի առավել ակտիվ աստղագետներից մեկի՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռուբեն Անդրեասյանի 70-ամյակը:

Ռուբեն Անդրեասյանը ծնվել է 1949թ. մարտի 27-ին Երևանում: 1972թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ): 1974թ-ից աշխատում է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)՝ սկզբում որպես ավագ լաբորանտ և կրտսեր գիտաշխատող: 1977-1980թթ. սովորել է ասպիրանտուրայում, իսկ 1985թ-ին ԲԱ-ում պրոֆեսոր Մ. Ա. Մնացականյանի ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: 1990թ-ից նա ԲԱ ավագ գիտաշխատող է, իսկ 2001-2004թթ. զբաղեցրել է նաև գիտական քարտուղարի պաշտոնը: 2017թ-ից ղեկավարում է ԲԱ «Ակտիվ գալակտիկաներ» գիտահետազոտական բաժինը:

Անդրեասյանի գիտական հետազոտության հիմնական ուղղություններն են ռադիոգալակտիկաները, գալակտիկական մագնիսական դաշտերը, պուլսարները (բաբախիչները): Նրա կարևոր ձեռքբերումների շարքին կարելի է դասել՝

  • Մեր գալակտիկայի մագնիսական դաշտի կառուցվածքի ուսումնասիրությունը: Գալակտիկական մագնիսական դաշտի երկակի կառուցվածքի գաղափարի առաջադրումը, պարուրաթևերի ուղղությամբ դրա կառուցվածքի ուսումնասիրությունը:
  • Պուլսարների ռադիոլուսատվության որոշումը և միջաստղային էլեկտրոնների խտության բաշխումը՝ հիմնվելով պուլսարների պարբերությունների և դրանց ժամանակային փոփոխությունների վրա: Որոշվել են պուլսարների անկախ հեռավորությունները և միջին էլեկտրոնային խտությունը պուլսարների ուղղությամբ՝ հիմնվելով լույսի դիսպերսիայի չափի վրա: Ցույց է տրվել, որ առավելագույն բաշխումն ընկած է Աղեղնավորի պարուրաթևի մոտակայքում:
  • Արտագալակտիկական ռադիոաղբյուրների մագնիսական դաշտերի ուսումնասիրությունը, մագնիսական դաշտերի և մեծ կիսաառանցքների ուղղությունների միջև կոռելյացիայի դուրսբերումը, մագնիսական դիպոլային դաշտի կազմավորման մեխանիզմները և այլն:
  • Տարածված արտագալակտիկական ռադիոաղբյուրների հետազոտությունը:

Անդրեասյանը հրապարակել է ավելի քան 65 գիտական հոդված «Աստղաֆիզիկա», «Աստղաֆիզիկա և տիեզերական գիտություն», «Աստղագիտական և աստղաֆիզիկական աշխատություններ», «Բյուրականի աստադիտարանի հաղորդումներ» և այլ ամսագրերում, ինչպես նաև որոշ միջազգային գիտաժողովների հանդեսներում: Նա մասնակցել է մի շարք կարևոր միջազգային գիտաժողովների, այդ թվում Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2000թ-ին Մանչեսթերում կայացած XXIV Գլխավոր ասամբլեային և 2012թ-ին Պեկինում կայացած XXVIII Գլխավոր ասամբլեային, ինչպես նաև ՄԱՄ այլ գիտաժողովների և Եվրոպական աստղագիտական համագումարների (JENAM)։

2004թ-ին Ռ. Անդրեասյանն արժանացել է ANSEF դրամաշնորհի իր՝ պուլսարների ռադիոլուսատվության և միջաստղային էլեկտրոնների խտության բաշխման մասին հետազոտությունների համար, իսկ 2005թ-ին` Մեր Գալակտիկայի մագնիսական դաշտի եռաչափ կառուցվածքի ուսումնասիրության, տարբեր տեսակի ռադիոգալակտիկաների ֆիզիկական և ձևաբանական տարբերությունների ուսումնասիրության համար:

2001-2004թթ. եղել է INTAS GRANT-ի հայաստանյան թիմի ղեկավար, 2002թ.-ին ստացել է ՆԱՏՕ-ի համագործակցական կապի դրամաշնորհ: Նա ակտիվորեն մասնակցել է հայ-ֆրանսիական համագործակցությանը (PICS և Jumelage), դասախոսել է ԵՊՀ-ում և ղեկավարել է մի շարք մագիստրոսական և ասպիրանտական աշխատանքներ: 1999թ-ից Անդրեասյանն անդամակցում է Եվրոպական աստղագիտական ընկերությանն ու Հայկական աստղագիտական ընկերությանը:

Սիրով շնորհավորում ենք Ռ. Անդրեասյանին և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան