NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 08.11.2019


Կամո Գիգոյան` 60

Այսօր` նոյեմբերի 8–ին, լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առավել ակտիվ աստղագետներից մեկի` ավագ գիտաշխատող Կամո Գիգոյանի 60–ամյակը։

Կամո Գիգոյանը ծնվել է 1959թ նոյեմբերի 8–ին Ալավերդու տարածաշրջանի Շնող գյուղում։ 1984թ–ին ավարտելով ԵՊՀ–ի Ֆիզիկայի ֆակուլտետը «Աստղաֆիզիկա» մասնագիտացմամբ` ընդունվել է Բյուրականի աստղադիտարան և միացել 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակի լաբորատորիայի թիմին։ 1987–1990թթ նա սովորել է ասպիրանտուրայում, իսկ 1994թ–ին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը: 1995թ–ին դարձել է ԲԱ գիտաշխատող, իսկ 2007թ–ից ի վեր աշխատում է որպես ավագ գիտաշխատող։

Կ. Գիգոյանը հանդիսանում է Հայկական աստղագիտական ընկերության հիմնադիր անդամ (1999/2001), Միջազգային աստղագիտական միության (1997) և Եվրոպական աստղագիտական ընկերության (1995) անդամ։

Կ. Գիգոյանի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են ուշ սպեկտրային դասերին պատկանող աստղերը և 2MASS և IRAS աղբյուրները։ Նա մասնակցել է նաև թվայնացված Բյուրականյան առաջին շրջահայություն նախագծին։ 2015–2018թթ նա մասնակցել և վերջում ղեկավարել է Բյուրականի դիտողական արխիվի թվայնացման ծրագիրը։

Կ. Գիգոյանի կարևոր գիտական արդյունքների թվին են պատկանում ուշ սպեկտրային դասին պատկանող 1471 աստղերի կատալոգի ստեղծումը, այդ թվում նաև հարյուրավոր նոր աստղերի հայտնաբերումը` ներառյալ բարձր գալակտիկական լայնությունների 95 ածխածնային աստղերը, 2 նոր ածխածնային թզուկների հայտնաբերումը, FBS 2213+421 (postAGB and pre-planetary nebula) օբյեկտի հայտնաբերումը, շատ բարձր սեփական շարժում ունեցող աստղերի` FBS 0250+167 (PM=5.13 as/yr) հայտնաբերումը, Միրա տեսակի և կիսականոնավոր փոփոխական մի շարք աստղերի հայտնաբերումը Բյուրականյան առաջին շրջահայության շրջանակներում գտնված ուշ սպեկտրային դասերին պատկանող աստղերի թվում և IRAS աղբյուրների օպտիկական նույնացումներն ու ուսումնասիրությունը։

Վերջին տարիների գիտական արդյունքները հիմնված են ժամանակակից աստղագիտական շրջահայությունների վրա, ինչպիսին են Կատալինա շրջահայությունը (Catalina Sky Survey ) և Gaia -ն: Ստացվել են հազարավոր ուշ դասերի աստղերի համար նոր հաստատումներ և բոլորովին նոր արդյունքներ:

Իր գործունեության շնորհիվ Կ. Գիգոյանը ստեղծել է գիտական համագործակցություններ և ակտիվ աշխատանք է տանում Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների աստղագետների հետ։ Նրան համագործակցության առաջարկ են արել Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի և Լատվիայի աստղագիտական մի շարք կենտրոններ։ Կ. Գիգոյանը դիտողական նախագծեր է իրականացրել տարբեր աստղադիտակներով` ԲԱ 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակ, Վերին Պրովանսի 1,93մ հայելու տրամագծով աստղադիտակ և այլն։ Ըստ էության` Կ. Գիգոյանը ԲԱ ամենափորձառու դիտող աստղագետներից մեկն է։

Գիգոյանը հրապարակել է ավելի քան 130 գիտական հոդված Astrofizika (Astrophysics), Astron. Astrophysics, Астрономический Журнал (Astron. Reports), Astron. Astrophys. Transactions, Mem. S.A.It ու այլ ամսագրերում, ինչպես նաև միջազգային գիտաժողովների հանդեսներում։ Նա մի շարք էլեկտրոնային կատալոգների հեղինակ է Vizier-ում (Ֆրանսիա): Գիգոյանի կազմակերպչական և հանրային գործունեության շարքին կարելի է դասել բյուրականյան մի շարք կոնֆերանսների և ամառային դպրոցների տեղական կազմկոմիտեներին անդամակցությունը, հանրային այցելությունների համակարգումը։

Սիրով շնորհավորում ենք Կ. Գիգոյանին և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան