Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 19.06.2021
ՖԻԶԻԿՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՌՈՒԴՈԼՖ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է

Այսօր լրանում է ճանաչված ֆիզիկոս, ակադեմիկոս, Բյուրականի աստղադիտարանի նախկին գիտաշխատող Ռուդոլֆ Մուրադի Մուրադյանի ծննդյան 85-ամյակը: Նա ժամանակակից հայ խոշորագույն ֆիզիկոսներից է: Լինելով ֆիզիկոս-տեսաբան` զգալի ներդրում ունի նաև աստղաֆիզիկայի խնդիրների լուծման գործում:
Ռուդոլֆ Մուրադյանը ծնվել է 1936թ. հունիսի 19-ին Երևանում: 1959թ-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը: 1962-ին հաջողությամբ պաշտպանել է ֆիզմաթ. գիտ. թեկնածուական թեզը: 1962-79թթ-ին աշխատել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (Դուբնա) (1966թ-ից` որպես ավագ գիտաշխատող), 1970թ-ին պաշտպանել է ֆիզմաթ. գիտ. դոկտորական թեզ, արժանացել է պրոֆեսորի կոչման, 1979-86թթ-ին եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ճառագայթային հետազոտությունների բաժնի վարիչ: 1984-1995թթ-ին աշխատել է Բյուրականի աստղադիտարանում որպես առաջատար գիտաշխատող: Այնուհետև մեկնել է Բրազիլիա և աշխատել է Բայայի դաշնային համալսարանի ֆիզիկայի ինստիտուտում:
Ռ․ Մուրադյանի աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկների տեսությանը, Տիեզերքի մեծածավալ կառուցվածքին, տիեզերաբանությանը, գերխիտ նյութի տեսությանը, տիեզերածնությանը և մաթեմատիկական ֆիզիկային: Ելնելով տարրական մասնիկների փոխազդեցությունների հատկություններից` առաջարկել է մասշտաբային ինվարիանտության վարկածը բարձր էներգիաների ֆիզիկայում, որից մասնավորապես բխում է, այսպես կոչված, քվարկային հաշվի բանաձևը: Նա քննարկել է աստղերի, գալակտիկաների և Տիեզերքի առաջացումը նախնական հադրոնից, ինչպես նաև կապը Տիեզերքում պտույտի առաջացման և գերխիտ Տիեզերքի մեջ, ինչպես նաև տիեզերաբանական հաստատունի և Տիեզերքի պտույտի միջև կապը: Մուրադյանի առաջարկած տիեզերածնության վարկածը, որը կապված է Վիկտոր Համբարձումյանի տիեզերածնության տեսության հետ, թույլ է տալիս բացատրել տիեզերական օբյեկտների (աստղեր, գալակտիկաներ և այլն) պտույտի առաջացումը քանակական առումով` հիմնվելով տարրական մասնիկների ֆիզիկայում հայտնի` պտտման պահի և զանգվածի միջև գոյություն ունեցող կապի վրա:
Վերոնշյալ աշխատանքների արդյունքում Մուրադյանը հրապարակել է ավելի քան 100 գիտական հոդված, այդ թվում` ֆիզիկայի և աստղաֆիզիկայի միջազգային հեղինակավոր ամսագրերում: Մուրադյանը Լենինյան մրցանակի դափնեկիր է (1988թ․): 1994թ-ին ընտրվել է Վատիկանի ակադեմիայի (Pontificia Academia) անդամ, իսկ 1996թ-ին` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
Սիրով շնորհավորում ենք Ռ․ Մուրադյանին ծննդյան տոնի կապակցությամբ և մաղթում քաջ առողջություն:
Մելինե Ասրյան