Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 22.01.2022
ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ

Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ, EAAS) վարչության առցանց նիստին, որը տեղի ունեցավ երեկ՝ հունվարի 21-ին, մանակցեց նաև Բյուրականի աստղադիտարանի տնօրեն և Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) գործող նախագահ Արեգ Միքայելյանը՝ որպես ԵԱԱԸ փոխնախագահ։ Նիստը վարում էր ԵԱԱԸ համանախագահ Նիկոլայ Սամուսը։
ԵԱԱԸ վարչության նիստին դրված էին հետևյալ հարցերը` վարչության աշխատանքի հաշվետվություն, աստղագիտության զարգացումն Ուկրաինայում, «Աստրոկուրիեր» տեղեկատուի աշխատանքը, ԵԱԱԸ անդամների վերագրանցման արդյունքները, «Astronomical and Astrophysical Transactions» ամսագրի աշխատանքները, աստղագիտական օլիմպիադաները, ԵԱԱԸ հուշամեդալով պարգևատրումները, նոր անդամների ընդունումը և ԵԱԱԸ համագումարի որոշումների կատարման ընթացքը։
Նշենք, որ ԵԱԱԸ-ն հանդիսանում է նախկին Խորհրդային Միության աստղագիտական ընկերության իրավահաջորդը և միավորում է Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրների, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների աստղագետների։
ՀԱԸ-ն ակտիվորեն համագործակցում է ԵԱԱԸ-ի հետ և հանդիսանում է նրա պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Մելինե Ասրյան