Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 28.04.2023
ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՍՊԵԿՏՐԱՅԻՆ ՇՐՋԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԱՍՏՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրերս «Ավստրալիայի աստղագիտական ընկերության հրապարակումներ» (PASA) ամսագրում տպագրվեց Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Ֆրանսիայի Սուրբ-Քվենտինի համալսարանի (UVSQ) աստղագետների կողմից կատարված հետազոտական աշխատանքը` «M թզուկներ՝ հայտնաբերված Առաջին բյուրականյան սպեկտրային շրջահայությունում․ Gaia EDR3 և TESS տվյալներ․ նախնական արդյունքներ»: Ամսագիրն ունի բարձր ազդեցության գործակից և տպագրվոմ է Քեմբրիջի հանալսարանի հրատարակչության կողմից:
Ամբողջ աշխատանքը համակարգվել է ԲԱ ավագ գիտաշխատող Կամո Գիգոյանի կողմից: Համահեղինակներ են հանդիսանում ԲԱ գիտաշխատողներ Գայանե Կոստանդյանը, Նաիրա Ազատյանը, Կարեն Գիգոյանը, ինչպես նաև Ֆրանսիայի Սուրբ Քվենտինի համալսարանի LATMOS լաբորատորիայի աշխատակիցներ դոկտոր Ալեն Սարկիսյանը, Մուստաֆա Մեֆթահը, Սլիմանե Բեկկին և Մարսելի աստղադիտարանի աշխատակից Ֆրեդերիկ Ժամկոչյանը:
Աշխատանքը նվիրված է Առաջին բյուրականյան շրջահայությունում (FBS – First Byurakan Survey, կամ Մարգարյանի շրջահայություն) հայտնաբերված 236 M սպեկտրային դասի թզուկ աստղերի ուսումնասիրությանը ժամանակակից տիեզերական նախագծերից ստացված նոր դիտողական արդյունքների կիրառմամբ:
Օգտագործելով TESS (Transiting Exoplanet Survey Satellite) տիեզերական աստղադիտակի տվյալները՝ պարզվել է, որ 89 M թզուկի մոտ գրանցվել են ուժեղ բռնկումներ։ Շատ հայտնի FBS 0250+167 M թզուկի մոտ (որի տվյալները հայտնի էին դեռևս 2003 թ-ից, և որն ընտրվել է Մարգարյանի շրջահայությունից) հայտնաբերվել են երկու մոլորակ՝ յուրաքանչյուրը մոտավորապես 1.1 արեգակնային զանգվածով: TESS-ի տվյալների շտեմարանի միջոցով գնահատվել են 236 M թզուկների զանգվածները, լուսատվությունները և էֆեկտիվ ջերմաստիճանների տիրույթները:
Աշխատանքում առաջին անգամ տրվում է վաղ M0 և ուշ M9 ենթադասերի թզուկ աստղերի հեռավորությունների համար Մարգարյանի շրջահայության կողմից գրանցման գնահատական: Պարզվել է, որ 27 FBS M թզուկներ կազմում են կրկնակի համակարգեր, այսինքն՝ ունենք M թզուկ + սպիտակ թզուկ և M թզուկ + M թզուկ համակարգեր: Կա M թզուկ, որը եռակի համակարգի անդամ է: Ամենամոտ աստղը FBS 0250+167-ն է, որը գտնվում է Արեգակից 3.83 պարսեկ հեռավորության վրա, իսկ ամենահեռու M թզուկը՝ FBS 0909-082, որը գտնվում է Արեգակից 780 պարսեկ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ 2011թ-ին Մարգարյանի շրջահայությունը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանի փաստագրական արժեք և հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հազվագյուտ գիտական արժեքներից մեկը։
Հոդվածի հղումը՝ https://doi.org/10.1017/pasa.2023.20
Մելինե Ասրյան