Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.05.2023
ԹԱԴԵՎՈՍ ԱՂԵԿՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԸ

Թադևոս Արտեմի Աղեկյանը խորհրդային հայ վաստակաշատ աստղագետներից էր։ Նրա բեղուն գործունեության արդյունքում ծնվել են ինչպես բազմաթիվ կարևոր գիտական արդյունքներ, այնպես էլ աճել են մի շարք անվանի գիտնականներ և հայտնվել են աստղագիտության դասական մենագրություններ:
Թադևոս Աղեկյանը ծնվել է 1913թ. մայիսի 12-ին Բաթումի քաղաքում։ 1938թ-ին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի (ԼՊՀ) մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետը։ 1938-1941թթ․ դասավանդել է միջնակարգ դպրոցում և զուգահեռաբար սովորել է ԼՊՀ հեռակա ասպիրանտուրայում։ 1941-1945թթ․ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ զենիթային հրետանու գնդի շտաբի պետի պաշտոնում (կապիտանի կոչումով)։ Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 2-րդ կարգի շքանշանով և մեդալներով։ Զորացրումից հետո վերադարձել է ԼՊՀ և 1946թ-ից դասավանդել է աստղային դինամիկա, աստղային կինեմատիկա և աստղային վիճակագրություն։ 1947 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1958թ-ին դարձել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր։ 1961թ-ին արժանացել է պրոֆեսորի կոչման։
Գիտական հետազոտությունները վերաբերում են գալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղային վիճակագրության և երկնային մեխանիկայի խնդիրներին։ Հիմնական գիտական արդյունքները ստացել է աստղային համակարգերի անկանոն դաշտի տեսության, ռադիոդիտումների տվյալների հիման վրա աստղային համակարգերի դինամիկայի, պտտա-համաչափ պոտենցիալի դաշտում շարժման տեսության ոլորտներում։ Մանրամասնորեն հետազոտել է դիֆուզ նյութի դերը աստղային դինամիկայի խնդիրներում: Հաշվի առնելով գրավիտացիոն և ճառագայթային ճնշման ուժերը ստացել է փոշային ամպերի համակարգի հետ աստղի փոխազդեցության ժամանակ նրա արագացման համար մաթեմատիկական արտահայտություն: Ցույց է տվել, որ վաղ ենթադասերից դեպի ավելի ուշ ենթադասերին անցնելիս O և B սպեկտրային դասերի աստղերի մնացորդային արագությունների աճման երևույթը բացատրվում է դիֆուզ նյութի հետ ջերմ հսկաների փոխազդեցության արդյունքում նրանց ձեռք բերած արագացմամբ: Քննարկել է գալակտիկաների կույտավորման և կլանող նյութի պատառաձև կառուցվածքի համատեղ ազդեցությունը գալակտիկաների տեսանելի բաշխման վրա: Մշակել է Գալակտիկայի կինեմատիկայի ուսումնասիրման մեթոդ` չեզոք ջրածնի 21սմ ալիքի երկարության ռադիոգծի պրոֆիլով: ՈՒսումնասիրել է փոխազդող մարմինների պտտվող քվազիկայուն համակարգերի էվոլյուցիան: Առաջարկել է ուղղությունների դաշտի գրադիենտների օգնությամբ տրված պոտենցիալի դաշտում շարժման բնութագրերի ուսումնասիրության մեթոդ: Ճշտել է բազմակի աստղային համակարգերում կոմպլանարության հասկացությունը և մի շարք եզրակացություններ է արել էվոլյուցիայի ընթացքում կոմպլանարության փոփոխության վերաբերյալ: Դիտարկել է փոխազդող մարմինների պտտվող համակարգերի էվոլյուցիայի որոշ ընդհանուր օրինաչափություններ:
Գիտական հետազոտությունների հետ համատեղ Աղեկյանը մեծ ուշադրություն էր դարձնում մանկավարժական աշխատանքին և գիտության մասսայականացմանը: Նա աստղագիտության մեջ հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության կիրառության հարցերին նվիրված դասագրքերի («Սխալների տեսության հիմունքները աստղագետների և ֆիզիկոսների համար», «Հավանականությունների տեսությունը աստղագետների և ֆիզիկոսների համար»), «Աստղաֆիզիկայի և աստղային աստղագիտության դասընթացի» (1951թ.) մի շարք գլուխների և «Աստղեր, գալակտիկաներ, Մետագալակտիկա» մենագրության (երեք հրատարակություն, վերջինը` 1981թ.) հեղինակ է: Վերջինս նաև թարգմանվել և հրատարակվել է անգլերեն, իտալերեն և ռումիներեն լեզուներով:
Աղեկյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական թեզ, իսկ նրա աշակերտներից չորսը պաշտպանել են նաև դոկտորական թեզ: Աղեկյանի աշակերտները և ուսանողները նշում են նրա բացառիկ հետաքրքիր ու գրավիչ դասախոսությունները, ինչով նա հատկապես առանձնանում էր։
Թադևոս Աղեկյանը մահացել է 2006թ․ հունվարի 15-ին Լենինգրադում։ Աստղագիտության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Արեգակնային համակարգի թիվ 3862 փոքր մոլորակը կոչվել է իր անունով։
Մելինե Ասրյան