NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 08.06.2023


ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 2022Թ-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԹԵԶԵՐԻ ԹՎՈՒՄ

Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտաշխատող Նաիրա Ազատյանի «Երիտասարդ ենթակարմիր աստղակույտերի որոնում և ուսումնասիրություն» աշխատանքը տեղ է գտել Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2022թ-ի լավագույն (հաղթանակած) թեկնածուական թեզերի թվում։ Աշխատանքի գիտական ղեկավարն է Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆ․-մ․գ․թ․ Ելենա Նիկողոսյանը։

1919թ-ին հիմնադրված Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) ամբողջ աշխարհի աստղագետների համար գլխավոր մասնագիտական մարմինն է։ ՄԱՄ-ը համախմբում է ավելի քան 12,000 ակտիվ պրոֆեսիոնալ աստղագետների ավելի քան 100 երկրներից: Նրա բազմաթիվ առաքելությունները ներառում են ՄԱՄ-ի PhD թեզերի մրցանակը, որը տրվում է սկսնակ երիտասարդ աստղագետներին՝ ակնառու գիտական նվաճումների համար:

Նաիրա Ազատյանի թեկնածուական թեզը նվիրված է ժամանակակից աստղաֆիզիկայի ամենաարդիական և ակտիվ զարգացող ուղղություններից մեկին, այն է՝ աստղառաջացման տիրույթների ուսումնասիրությանը, տիրույթներ, որոնք կարելի է համարել Գալակտիկայի բոլոր աստղերի օրրաններ: Չնայած խնդրի հրատապությանը՝ աստղերի ձևավորման տեսության մեջ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Հատկապես շատ հարցեր կան կապված մեծ զանգված ունեցող աստղերի առաջացման և էվոլյուցիայի հետ։ Այդ պատճառով բոլոր նոր արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացնում։

Իր ատենախոսությունում Նաիրան, որպես օրինակ օգտագործելով չորս աստղառաջացման տիրույթներ, ցույց է տվել, որ մայր մոլեկուլային ամպի սկզբնական պարամետրերի (ջրածնի խտություն, փոշու ջերմաստիճան), բուն աստղի ձևավորման գործընթացի (արտաքին հարվածային ալիք կամ ինքնաբուխ հաջորդական խտացումներ) և աստղային բնակչության ցուցանիշների միջև կա լավ արտահայտված կապ։ Ավելին, ապացուցվել է, որ դիտարկված երիտասարդ աստղակույտերը ձևավորվել են տարբեր սցենարներով: Նրանցից երկուսի (G45.07+0.13 և G45.12+0.13) աստղառաջացման ընթացքը ակնհայտորեն սկսվել է հարվածային ալիքի ազդեցության հետևանքով, և աստղերի ձևավորումն ընթացել է շատ արագ: Եվ հակառակը, դանդաղ, հաջորդաբար, անկախ խտացումներ են առաջացել երկու այլ տիրույթներում (IRAS 05137+3919 և IRAS 05168+3634):

Մյուս կողմից մեծ զանգված ունեցող երիտասարդ աստղերը հայտնաբերվել են միայն G45.07+0.13 և G45.12+0.13 տիրույթներում, որոնցում, ըստ երևույթին, մայր մոլեկուլային ամպի սկզբնական խտությունն ավելի մեծ է եղել։

Արդյունքում ատենախոսությունում եզրակացվել է, որ մեծ զանգվածով աստղերի ձևավորումը կարող է սկսվել ավելի բարձր սկզբնական խտությամբ տիրույթներում, և որ նրանց ձևավորումը պետք է շատ արագ ընթանա:

Նշենք, որ նման նվաճում Բյուրականի աստղադիտարանում առաջին անգամ է գրանցվել։ Շնորհավորում ենք Նաիրային և հույս հայտնում, որ այս օրինակը կոգեշնչի հայ երիտասարդ աստղագետներին։

ՄԱՄ հայտարարությունն այստեղ՝ https://iau.org/news/announcements/detail/ann23019/

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան