Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.07.2023
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Աստղագիտական նախագծերի պատրաստման և համակարգման ոլորտում համագործակցության շրջանակներում տեղի ունեցան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) աշխատակիցների այցելությունները Լայդենի համալսարան (Նիդերլանդներ)։ Ծրագիրը հովանավորվում է Եվրոպական Միության Էրազմուս+ նախագծի կողմից և ներառում է գիտական, կրթական և հանրային բաղադրիչ։ Իրականացվեցին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի, գիտաշխատող Նաիրա Ազատյանի, ավագ լաբորանտ Դերենիկ Անդրեասյանի և ԲԱ Հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանի գործուղումները։ Համագործակցությունը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, IAU) Եվրոպական տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի (E-ROAD, որը գտնվում է Լայդենի համալսարանում) և Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի (SWCA ROAD, որը գտնվում է ԲԱ-ում) միջև։ Առաջինի կողմից նախագծի համակարգողն է պրոֆ․ Պեդրո Ռուսոն, իսկ երկրորդի կողմից՝ SWCA ROAD-ի համակարգող Սոնա Ֆարմանյանը։ Կարճ այցելությունների արդյունքում քննարկվեցին գիտական նախագծեր աստղառաջացման և ակտիվ գալակտիկաների, ինչպես նաև տարածաշրջանային կենտրոնների համագործակցություն կրթական և հանրային ոլորտներում։ Այս համագործակցությունը շարունակական է, և այցելություններ կլինեն նաև 2024-2026թթ․։
Հարկ է նշել, որ Լայդենի համալսարանը ոչ միայն Նիդերլանդների, այլև աշխարհի կարևորագույն համալսարաններից է, որտեղ միշտ ակտիվ է եղել աստղագիտությունը։ Այստեղ են աշխատել համաշխարհային հռչակ ունեցող գիտնականներ Յան Օորտը և Ադրիան Բլաուն, ովքեր մեծ նշանակություն էին տալիս նաև Բյուրականյան աստղագիտական դպրոցին։ Իսկ Լայդենի հին աստղադիտարանը՝ հիմնադրված 1633թ․, համարվում է աշխարհի ամենահին համալսարանական աստղադիտարանը։
Մելինե Ասրյան