Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 17.07.2023
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՏԻԳՐԱՆ ՄԱՂԱՔՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ

Հուլիսի 16-ին լրացավ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Տիգրան Մաղաքյանի 70-ամյակը։
Տ․ Մաղաքյանը ծնվել է 1953թ-ի հուլիսի 16-ին Երևանում։ 1975թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի բաժինը և մինչ օրս աշխատում է ԲԱ-ում՝ այժմ որպես Երիտասարդ աստղային օբյեկտներ բաժնի վարիչ։ 1979թ-ին Տ․ Մաղաքյանը դարձել է Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, իսկ 2001թ-ին Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր։ Երկար տարիներ նա ներգրավված է եղել դիտողական ծրագրերում ԲԱ 2,6մ և Հատուկ աստղադիտարանի (ՌԴ) 6մ հայելու տրամագծով աստղադիտակներով։
Հետազոտության թեմաներն են երիտասարդ աստղային օբյեկտներ, Հերբիգ-Հարո օբյեկտներ, գիսավորաձև միգամածություններ, աստղային շիթեր, ինչպես նաև աստղային էվոլյուցիա։ Ունի տպագրված ավելի քան 130 հոդված գրախոսվող ամսագրերում և 25 հոդված գիտաժողովի նյութերի ժողովածուներում:
Տ․ Մաղաքյանը հանդիսանում է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ), Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ), Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի, ԵԱԱԸ գիտա-տեխնիկական կոմիտեի, Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ), ԲԱ գիտական խորհրդի անդամ, ԲԱ կից մասնագիտական խորհրդի նախագահ։
Սիրով շնորհավորում ենք Տ․ Մաղաքյանին ծննդյան տոնի կապակցությամբ և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ:
Մելինե Ասրյան