Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 17.08.2023
ՀՈՎՍԵՓ ՉԱՎՈՒՇՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԸ

Այսօր աստղագետ Հովսեփ Չավուշյանի ծննդյան օրն է (1938-2014թթ․)։ Հ․ Չավուշյանի անվան հետ սերտորեն կապված են Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) անկայուն աստղերի՝ մասնավորապես Բազումքի բռնկվող աստղերի երկարամյա հետազոտությունները: Վերջինս աշխատել է ԲԱ-ում շուրջ 50 տարի։
Հովսեփ Ստեփանի Չավուշյանը ծնվել է 1938թ-ի օգոստոսի 17-ին Իրաքի Մոսուլ քաղաքում։ Նա 1962թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի բաժինը՝ աստղաֆիզիկա մասնագիտությամբ և նույն թվականին ընդունվել ԲԱ աշխատանքի։ 1969-1972թթ-ին սովորել է ասպիրանտուրայում, իսկ 1979թ-ին պաշտպանել է թեկնածուական թեզը պրոֆ. Լ.Վ. Միրզոյանի ղեկավարությամբ։ Չավուշյանը ԲԱ ավագ գիտաշխատող էր 1984թ-ից:
Չավուշյանի հետազոտության հիմնական ոլորտը անկայուն աստղերն էին, մասնավորապես՝ բռնկվող աստղերը: Նա հրապարակել է մոտ 60 աշխատություն բռնկվող աստղերի և աստղասփյուռերի վերաբերյալ, որոնք հիմնականում կենտրոնացած են Բազումքի աստղակույտի վրա։ Նա Բազումքի բռնկվող աստղերի մասին հոդվածաշարի գլխավոր հեղինակներից էր, որի համահեղինակներն էին նաև Վ. Համբարձումյանը, Լ․ Միրզոյանը, Է. Պարսամյանը, Լ. Էրաստովան և այլք։
Իր կյանքի ընթացքում Չավուշյանը համագործակցել է մի շարք օտարերկրյա աստղագետների, այդ թվում՝ Լ.Ռոզինոյի (Իտալիա), Մ.Ցվետկովի և Կ.Ցվետկովայի (Բուլղարիա), Ի.Յանկովիչի (Հունգարիա), Վ.Վենուգոպալի (Հնդկաստան), Ռ.Նացվլիշվիլիի (Վրաստան) հետ:
Լ. Չավուշյանի կարևոր ներդրումը Հայաստանի աստղագիտության և այլ ճշգրիտ գիտությունների (ֆիզիկա, մաթեմատիկա) զարգացման գործում նրա երկարամյա դասավանդումն էր Բյուրականի միջնակարգ դպրոցում, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկամաթեմատիկական դպրոցում և ԵՊՀ-ում։ Նրա ջանքերով Բյուրական գյուղի տասնյակ երիտասարդներ բարձրագույն կրթություն են ստացել:
Հատկանշական է, որ ճանաչված աստղագետ է նաև Հ․ Չավուշյանի որդին՝ Վահրամ Չավուշյանը, ով իր աշխատանքային գործունեությունը սկսել է ԲԱ-ում, իսկ այժմ Մեքսիկայի Տոնանցինտլայի աստղադիտարանի ավագ աստղագետ է։
Հ․ Չավուշյանը մահացել է 2014 թ-ի հունիսի 26-ին ԱՄՆ-ում։
Մելինե Ասրյան