Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 26.08.2023
ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏԵՑԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Այսօր Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Արեգակնային և աստղային մթնոլորտների և ջերմափոխանցման գոտիների շարժընթացը» գիտաժողովը մոտեցավ իր ավարտին: Այն թվով 365-րդ ՄԱՄ գիտաժողովն էր և 7-րդը, որ անցկացվեց Հայաստանում։
Այս 6 օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրների առաջատար գիտնականներ Հայաստան էին եկել քննարկելու այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ջերմափոխանցումը, արեգակնային և աստղային դիֆերենցիալ պտույտները և միջօրեական շրջապտույտները, համաշխարհային դինամոն, արեգակնային և աստղային երկրաշարժագիտությունը, մագնիսական հոսքի առաջացման, արևաբծերի և աստղաբծերի առաջացման տեղական գործընթացներ։
Մասնակիցների թվում կային նաև հայազգի մասնագետներ՝ Վարդան Ադիբեկյանը Պորտուգալիայի Աստղաֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ինստիտուտից, Կիրիլ Կուզանյանը ՌԴ Երկրի մագնիսականության, իոնոլորտի և ռադիոալիքների տարածման ինստիտուտից, Դավիթ Մկրտչյանը Թաիլանդի Աստղագիտական հետազոտությունների ինստիտուտից, Ալեն Սարկիսյանը Ֆրանսիայի Վերսալի Սբ․ Քվենտինի համալսարանից։ Գիտական կազմկոմիտեի անդամ և տեղական կազմկոմիտեի նախագահն էր Արեգ Միքայելյանը։
Հիշեցնենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ), Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի և Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) համատեղ ջանքերով։
Մելինե Ասրյան