Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 11.09.2023
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 3-ՐԴ ԵՎ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 1-ԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

Այսօր` սեպտեմբերի 11–ին, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) մեկնարկեց տարածաշրջանային 3-րդ և միջտարածաշրջանային 1-ին աստղագիտական ամառային դպրոցը, որի թեման «Աստղագիտական դիտումներից մինչև գիտական հոդվծաների պատրաստում»-ն է։
Սա միջազգային աստղագիտական ընկերության տարածաշրջանային կենտրոնների միջև կազմակերպվող առաջին նման նախաձեռնությունն է։ Այն ներգրավում է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի, որը գտնվում է ԲԱ-ում, և Արաբական աշխարհի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի երկրների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողներին: Նպատակն է ամրապնդել համագործակցությունն այս կենտրոնների միջև, ինչպես նաև փորձի փոխանակման հարթակ ստեղծել երիտասարդ աստղագետների համար։ Նշենք, որ դպրոցը բաց է նաև այլ երկրների ներկայացուցիչների համար։ Մասնակիցները ուսանողներ և երիտասարդ գիտաշխատողներ են Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Հորդանանից, Թունիսից, Թուրքիայից։ Դասախոսների թվում են Միշել Դենեֆելդը Ֆրանսիայից, Դավիդ Էլիան Իտալիայից, Լասլո Կիշը Հունգարիայից, Սյուզաննա Ռենդալը Գերմանիայից, Ան Ռուիմին Ֆրանսիայից, Օլեգ Մալկովը և Դանա Կովալյովան ՌԴ-ից, Ավնի Խասավնեն Հորդանանից, ինչպես նաև ԲԱ գիտնականներից մի քանիսը։
Դպրոցը կանցկացվի մինչև սեպտեմբերի 15-ը։ Այս ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան դիտումներ կատարելու ԲԱ 1մ և 2,6 մ հայելու տրամագծով աստղադիտակների միջոցով, կմասնակցեն տվյալների մշակմանը, վերլուծությանն ու վիճակագրությանը նվիրված գործնական պարապմունքների, ինչպես նաև գիտելիքները կխորացնեն աստղագիտական շրջահայությունների, տվյալների շտեմարանների, արխիվների և վիրտուալ աստղադիտարանների գործիքների թեմաներով:
Դպրոցի կազմակերպիչներն ու հովանավորներն են ԲԱ-ն, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը, Արաբական աշխարհի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Եվրոպական «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» (Astronomy & Astrophysics, A&A) հանդեսը, Եվրոպական հարավային աստղադիտարանը, EDP Sciences հրատարակչությունը։
Մելինե Ասրյան