NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 13.09.2023


ՎԱՀԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԸ

Այսօր լրանում է ժամանակակից խոշորագույն հայ աստղաֆիզիկոս, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի անդամ Վահե Պետրոսյանի 85-ամյակը։ ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Վահե Պետրոսյանի աշխատանքներն ու գիտական արդյունքները հայտնի են թե՛ ԱՄՆ-ում և թե՛ ամբողջ աշխարհում: Նա քվազարների և գալակտիկաների էվոլյուցիայի, տիեզերաբանության, բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և մասնիկային ֆիզիկայի ոլորտում աշխարհի անվանի մասնագետներից մեկն է:

Վ․ Պետրոսյանը ծնվել է 1938թ-ի սեպտեմբերի 13-ին Իրանի Արաք քաղաքում։ Պրոֆ Պետրոսյանի գիտական հետաքրքրությունները ներառում են տեսական (հիմնականում` բարձր էներգիաների) աստղաֆիզիկայի և տիեզերաբանության երկու լայն ոլորտներ: Առաջինը ներառում է ոչ ջերմային մասնիկների արագացման, տեղափոխման և ճառագայթման հետազոտությունները, որոնք մշակվել են գլխավորապես արեգակնային բռնկումների և դրանց ռենտգենյան ճառագայթման նկատմամբ կիրառության համար: Այս աշխատանքները կիրառություն են գտել նաև բազմաթիվ այլ աստղաֆիզիկական աղբյուրներում և բարձր էներգիաներով աստղաֆիզիկական գործընթացներում՝ ներառյալ աստղային բռնկումները, աստղերի և ակտիվ գալակտիկաների սև խոռոչների ակրեցիոն սկավառակները, գամմա բռնկումները և գալակտիկաների կույտերը:

Հետաքրքիր արդյունքներ է ստացել նաև նեյտրինային աստղաֆիզիկայի բնագավառում, հետազոտել է իոնացված ջրածնային ամպերում ենթակարմիր աղբյուրները: Տիեզերաբանության աշխատանքներն ուղղված են գալակտիկաների և քվազարների (և ընդհանրապես ակտիվ գալակտիկական միջուկների) էվոլյուցիային, գալակտիկաների կույտերում պայծառ աղեղների՝ գրավիտացիոն ոսպնյակների ուսումնասիրությանը (որոնց համահայտնաբերողն է Վահե Պետրոսյանը. Ռ. Լինդս և Վ. Պետրոսյան, «Պայծառ աղեղներ գալակտիկաների կույտերում», ApJ, 336, 1989թ.), Տիեզերքի էվոլյուցիայի վաղ փուլին և տիեզերաբանական մոդելների կառուցմանը:

Մեկ այլ հետաքրքրություն է աստղագիտական տվյալների վերլուծությանը վերաբերող վիճակագրական եղանակների բնագավառը: Սթենֆորդի համալսարանի վիճակագրության բաժնի աշխատակից Բ.Էֆրոնի հետ համատեղ կատարած այս աշխատանքը վերաբերում է ոչ լրիվ տվյալների հիման վրա աստղագիտական աղբյուրների բաշխման որոշման ոչ պարամետրական նոր եղանակների մշակմանը:

Պրոֆ Պետրոսյանը հրատարակել է ավելի քան 250 գիտական հոդված: 1973թ-ից սկսած նա ղեկավարել է բակալավրական և մագիստրոսական ավելի քան 30 թեզ և ունեցել է 7 հետդոկտորական աշխատակից: Պրոֆ Պետրոսյանն արժանացել է Իրանի ազգային կրթաթոշակի (1958-62), Քոռնելի համալսարանի Արդյունաբերական կրթաթոշակի (1963-64) և Ալֆրեդ Պ. Սլոանի հիմնադրամի կրթաթոշակի (1972-74):

Նա Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), Ամերիկյան աստղագիտական ընկերության, Մեծ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերության և Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ, 2007-ից) անդամ է, ինչպես նաև Էտա Կապպա Նյու և Տաու Բետա Պի գիտական ընկերությունների անդամ: 2008թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Սիրով շնորհավորում ենք Վահե Պետրոսյանին և մաղթում քաջ առողջություն։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան