NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 18.09.2023


ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ 115-ԱՄՅԱԿԸ

Այսօր հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրն է, նա կդառնար 115 տարեկան։

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) XX դարի մեծագույն գիտնականներից մեկն է, Խորհրդային ժամանակների մեծագույն աստղաֆիզիկոսը և ԽՍՀՄ-ում տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիրը, ով հիմնարար ներդրում է ունեցել աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության բազմաթիվ ոլորտներում։ Աստղային էվոլյուցիայի և գալակտիկաների միջուկների ակտիվության վերաբերյալ նրա հեղափոխական աշխատանքները բեկումնային եղան աստղաֆիզիկայի զարգացման համար և կյանքի կոչեցին մեր մինչ այդ անփոփոխ թվացող Տիեզերքը: Համբարձումյանը նաև ուներ գիտության կազմակերպման մեծ ջիղ, նա կարևոր քաղաքական և հասարակական գործիչ էր։ Նա Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) և Երևանի պետական համալսարանների աստղաֆիզիկայի ամբիոնների, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և «Աստղաֆիզիկա» ամսագրի հիմնադիրն է, ինչպես նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանը զբաղեցրել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնը 1946-1988թթ․, Հայաստանի ԳԱԱ նախագահի պաշտոնը՝ 1947-1993թթ, Միջազգային աստղագիտական միության նախագահի պաշտոնը՝ 1961-1964թթ և Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահի պաշտոնը՝ 1968-1972թթ։

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում (Թբիլիսի): Համբարձումյանը զգալի ներդրում ունի տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղաբաշխության ու աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի բնագավառներում:

Աստղերի էվոլյուցիայի վերաբերյալ Համբարձումյանի կատարած հետազոտությունները 1947թ-ին հանգեցրին աստղային համակարգերի նոր տեսակի՝ աստղասփյուռների բացահայտմանը։ Գալակտիկայում աստղասփյուռների՝ դինամիկորեն անկայուն և քայքայվող համակարգերի գոյությունը առաջին դիտողական ապացույցն էր՝ հօգուտ այդտեղ աստղերի այժմ էլ ընթացող ձևավորմանը:

Համբարձումյանը առաջ է քաշել վարկած միջաստղային նյութի և անհայտ բնույթի խիտ նյութով աստղերի՝ նախաաստղերի համատեղ ծագման մասին։ Համբարձումյանի ուսումնասիրությունները աստղերի և աստղային համակարգերի էվոլյուցիայի վաղ փուլերի վերաբերյալ բավականին կարևոր են։ Նա ցույց է տվել, որ էվոլյուցիայի վաղ փուլերում անկայուն վիճակն ինքնաբացահայտվում է՝ լինելով տիեզերածնական գործընթացների կանոնավոր փուլը։ Այս արդյունքների թվում պետք է նշել Գալակտիկայում դրական ընդհանուր էներգիայի աստղային համակարգերի առկայության, աստղային գերմանուշակագույն ճառագայթման ոչ ջերմային բնույթի T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի մասին եզրակացությունները։ Համբարձումյանը նոր հիմնարար արդյունքներ է ստացել գալակտիկաների էվոլյուցիայի ուսումնասիրության մեջ։ Առաջին անգամ ցույց է տվել, որ գալակտիկաների կենտրոնական հատվածները՝ նրանց միջուկները, որոշիչ դեր են խաղում գալակտիկաներում նկատվող անկայուն երևույթներում։ Բացի աստղերից և դիֆուզ նյութից դրանք պետք է պարունակեն անհայտ բնույթի խիտ զանգվածով մարմիններ: Գալակտիկական միջուկների ակտիվությունը սահմանում է նրանց էվոլյուցիան: Ներկայումս ակտիվ գալակտիկական միջուկները (ԱԳՆ/AGN) արտագալակտիկական աստղագիտության ամենամանրամասն ուսումնասիրվող մարմիններն են:

Համբարձումյանն արժանացել է մի շարք երկրների պետական մրցանակների, շքանշանների և մեդալների․

    • 1940` Հայաստանի ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում
    • 1968՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանի և «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալի հանձնմամբ
    • 1968թ.՝ Վրաստանի ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում
    • 1978թ.՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանի և «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալի հանձնմամբ
    • 1994թ.՝ Հայրենիքի շքանշան և «Հայաստանի ազգային հերոս»-ի կոչում
    • Եվ շատ այլ մրցանակներ։

Վիկտոր Համբարձումյանը վախճանվել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում:

2010թ-ին ստեղծվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Այն աստղագիտության/աստղաֆիզիկայի և հարակից այլ գիտությունների կարևորագույն մրցանակներից մեկն է, որը շնորհվում է ֆիզիկամաթեմատիկական գիտություններում նշանակալի ավանդ ունեցած ականավոր գիտնականներին՝ անկախ երկրից և ազգությունից։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան