Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 18.09.2023
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՆԿԱՅՈՒՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Այսօր՝ Հայաստանում աստղագիտության օրը, մեկնարկեց «Անկայուն երևույթները Տիեզերքում» թեմայով միջազգային գիտաժողովը` նվիրված Վիկտոր Համբարձումյանի 115-ամյակին (Վ. Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում որպես աստղագիտության օր է նշվում 2009թ-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն)։
Գիտաժողովին մասնակցում է ոլորտի 41 մասնագետ և ուսանող Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից։ Մասնակիցներին ողջունեցին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ՌԴ ԳԱ Աստղագիտության ինստիտուտից Օլեգ Մալկովը և Պետրոս Մեծի անվան Սանկ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանից Մաքսիմ Վինիչենկոն։
Գիտաժողովը կանցկացվի մինչև սեպտեմբերի 21-ը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝
- Ակտիվ Արեգակ և Արեգակնային համակարգ
- Անկայուն երևույթներ աստղերի և միգամածությունների աշխարհներում
- Ակտիվ գալակտիկական միջուկներ և աստղառաջացման բռնկումով գալակտիկաներ
- Գալակտիկաների խմբեր և կույտեր
- Դիտողական և տեսական տիեզերաբանություն
- Աստղաքիմիա, աստղակենսաբանություն և արտարեգակնային մոլորակներ
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել է Բյուրականի աստղադիտարանի ջանքերով, Հայկական աստղագիտական ընկերության, Հայկական վիրտուալ աստղադիտարանի և Պետրոս Մեծի անվան Սանկ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի աջակցությամբ։
Մելինե Ասրյան