Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 15.10.2023
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Աստղագիտության և տիեզերական գիտությունների արաբական միության (Arab Union for Astronomy and Space Sciences, AUASS) միջև կկնքվի համագործակցության պայմանագիր։ AUASS-ը ներկայացնում է ողջ արաբական աշխարհի աստղագիտությունը՝ թվով 22 պետություն, որոնցից աստղագիտությունն առավել զարգացած է Հորդանանում, Եգիպտոսում, Ալժիրում, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ)։
Նոյեմբերի 13-16-ին ԱՄԷ Շարժահ քաղաքում կայանալիք AUASS 14-րդ արաբական կոնֆերանսին հրավիրված է ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ով կներկայացնի «Մեծ տվյալներն աստղագիտության մեջ» թեմայով հիմնական զեկուցումը (keynote talk)։ Այդ ընթացքում նախատեսվում է նաև ԲԱ և AUASS միջև համագործակցության պայմանագրի ստորագրումը։ AUASS-ը և Շարժահի համալսարանը ներկայացնում են պրոֆ․ Համիդ Ալ-Նայիմին (ԱՄԷ) և դր․ Ավնի Խասավնեհը (Հորդանան)։
Սկսած 2015թ-ից՝ Հայաստանը՝ ի դեմս Բյուրականի աստղադիտարանի, հանդիսանում է Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն (ՄԱՄ ՀԱԿԱ ԱԶՏԳ, IAU SWCA ROAD), որի շրջանակներում համակարգում է աստղագիտության զարգացումը մեր մեծ տարածաշրջանում։ Գործունեության առավել կարևոր ձևերից են եղել տարածաշրջանային աշխատաժողովներն ու ամառային դպրոցները (RASS – Regional Astronomical Summer School), որոնք ԲԱ-ն 2019թ-ից դարձրել է կանոնավոր։ 2018թ-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ՄԱՄ ՀԱԿԱ և Համաարաբական տարածաշրջանային աստղագիտական կենտրոնների միջև կնքվել է համագործակցության պայմանագիր։ Այս տարի սեպտեմբերին առաջին անգամ փորձ արվեց Բյուրականում կազմակերպել Միջտարածաշրջանային աստղագիտական ամառային դպրոց (1IRASS), որին մասնակցեցին ուսանողներ և երիտասարդ աստղագետներ արաբական մի շարք երկրներից։
ԲԱ-ն նպաստելու է արաբական երկրներում գիտական ծրագրերին, աստղագիտական կադրերի պատրաստմանը, զանազան երկրներում աստղագիտական դասախոսություններին, համաարաբական վիրտուալ աստղադիտարանի նախագծի զարգացմանը և այլ նախաձեռնություններին։
Մելինե Ասրյան