Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 26.10.2023
ԼՐԱՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԱՍՏՂԱՑՈՒՑԱՐԱՆԻ 100 ՏԱՐԻՆ

1923թ-ին գերմանական Կարլ Ցայս Յենա (Carl Zeiss Jena) ընկերությունը, որը մասնագիտացված է օպտիկայի ոլորտում, ներկայացրեց իր առաջին աստղացուցարանային (պլանետարիումային) սարքը՝ Zeiss Mark I-ը, որի միջոցով առաջին անգամ էկրանին արտապատկերվեց աստղային երկինքը։ Ցուցադրությունը ընգրկեց մոտ հինգ հազար աստղ, որոնք տեսանելի էին Յենայի լայնության վրա, որտեղ գտնվում էր Ցայս գործարանը:
Սա արհեստական աստղային երկնքի առաջին հանրային ցուցադրությունն էր, ինչպես նաև «աստղացուցարան» կառույցի հիմնադրումը: Յենայում Կարլ Ցայս ընկերության արտադրամասերից մեկի տանիքում կառուցված գմբեթում մի քանի շաբաթ փորձնական ցուցադրություններից հետո Ցայս I պրոյեկտորի վրա կատարվեցին ավարտական աշխատանքներ:
1923թ-ի դեկտեմբերից սարքը սկսեց գործարկվել Մյունխենի բնական գիտությունների և տեխնիկայի գերմանական թանգարանում, իսկ 1925թ-ին բացվեց նաև աստղացուցարանը՝ թանգարանին կից գմբեթաձև տանիքով մի կառույց։ Սարքն անվանեցին «պլանետարիում»։ Այն մշակել էր գերմանացի նշանավոր ինժեներ Վալտեր Բաուերսֆելդը, ով 1912թ-ից զբաղվում էր աստղային երկնքի պրոյեկցիոն համակարգի մշակմամբ։
Մելինե Ասրյան