Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 30.11.2023
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԻՆ

Այսօր Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց հերթական հոբելյանական սեմինարը՝ նվիրված նշանավոր աստղագետ Բենիամին Մարգարյանի 110-ամյակին։
Հիմնական զեկույցով հանդես եկավ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ով ներկայացրեց Բ․ Մարգարյանի հետազոտության հիմնական ոլորտները և կարևորագույն գիտական արդյունքները։ Այնուհետև ելույթներով հանդես եկան ԲԱ ավագ գիտաշխատողներ Սուսսաննա Հակոբյանը և Կամո Գիգոյանը՝ խոսելով ինչպես Բ․ Մարգարյանի գործունեության, այնպես էլ նրա մասին ունեցած իրենց հուշերի մասին։
Բենիամին Մարգարյանը ծնվել է 1913թ. նոյեմբերի 29-ին (նոր տոմարով` դեկտեմբերի 12-ին) Վրացական ԽՍՀ Մառնեուլի շրջանի Շուլավեր (այժմ` Շահումյան) գյուղում: Դիտողական աստղագիտության մեջ կատարած իրենց ներդրումով շատ քիչ աստղագետներ կարող են համեմատվել Բենիամին Մարգարյանի հետ: Ականավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանից հետո նա թերևս հայ աստղագիտության ամենախոշոր դեմքն է: Մարգարյանի շրջահայությունը և Մարգարյանի գալակտիկաները հայտնի են ամեն մի աստղագետի և ոչ միայն: Մինչ օրս էլ աշխարհի շատ աստղագետներ աշխատում են Մարգարյանի գալակտիկաների ուսումնասիրության ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2011թ-ին Մարգարյանի շրջահայությունը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանի փաստագրական արժեք։ Այն Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 12 արժեքներից մեկն է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հազվագյուտ գիտական արժեքներից է։
Բ․Մարգարյանը վախճանվել է 1985թ. սեպտեմբերի 29-ին Երևանում: Չնայած իր վատ առողջությանը՝ նա մինչև կյանքի վերջ ակտիվ աշխատում էր՝ կատարելով իր գիտական կյանքի հիմնական գործը` Բյուրականյան շրջահայությունները:
Մելինե Ասրյան