Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.12.2023
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ «ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԸԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Ս․թ․ 8-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի ունեցավ ԲԱ և ռուսական «Աստղագիտական կենտրոն» ըկերության համատեղ աշխատանքի տասնամյակին նվիրված հոբելյանական աշխատաժողովը, որտեղ ներկայացվեց հինգ զեկուցում։ Աշխատաժողովը բացվեց աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի զեկուցումով, որը նվիրված էր աստղագիտության բնագավառում հայ-ռուսական համագործակցությանը։ Այնուհետև նախագծի երկու կողմերի ղեկավարներ Հայկ Հարությունյանը և Միխայիլ Կարդաշենկոն համատեղ զեկուցում ներկայացրին Կիրառական աստղագիտության կենտրոնի Սարավանդի բազայի վերականգնման ու շահագործման վերաբերյալ։ Ռուսական կողմից Վլադիմիր Ագապովի, Եվգենի Բիրյուկովի և Դենիս Դեմյանովի զեկուցումները նվիրված էին դիտումների արդյունավետության բարձրացման նպատակով ժամանակակից տեխնիկայի կիրառմանը։
Աշխատաժողովին մասնակցում էր նաև հատուկ այդ նպատակով Բուլղարիայից Հայաստան ժամանած Գեորգ Տուպարևը, որին պատկանող ընկերությունն զբաղվում է ժամանակակից աստղադիտակների համար կառավարման ծրագրերի մշակմամբ։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հարցեր։
«Աստղագիտական կենտրոն» ընկերությունը, որն այսօր բացի Ռուսաստանի Դաշնությունից դիտողական բազաներ ունի նաև Նամիբիայում, Մարոկկոյում, Կուբայում և այլուր, ի դեմս գլխավոր տնօրեն Միխայիլ Կարդաշենկոյի, նշեց, որ Բյուրականում գտնվող դիտողական բազան իրենց համար շատ կարևոր է և իրենք շարունակելու են նաև ապագայում սերտ համագործակցել հայ աստղագետների հետ։
Նշենք, որ այս համագործկցությունը սկսվել է ուղիղ տասը տարի առաջ՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ին, երբ Բյուրականի աստղադիտարան բերվեց դիտողական մի ամբողջ համալիր, որը մասնագիտացված էր երկնքում արագ շարժվող մարմինների հայտնաբերման և գրանցման համար։ Դրանով այստեղ սկիզբ դրվեց շուրջերկրյա տիեզերական տարածության մշտադիտումներին։ Այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվեց Կիրառական աստղագիտության կենտրոն, որտեղ վերջին տասը տարիների ընթացքում երբեք չեն դադարել այդ դիտումները, որոնց աստղագիտական ժարգոնով անվանում են տիեզերական աղբի մշտադիտում։
Մելինե Ասրյան